Ինչպե՞ս է ընդունված կոչել պետության ղեկավարին, ով միտումնավոր կերպով անտեսում է արտաքին թշնամու ծայրաստիճան վտանգավոր հարձակողական գործողությունները, փոխարենը երկրի ներսում անընդհատ արհեստական հակամարտություններ ու պառակտումներ է ստեղծում։ Ճիշտ է՝ այդպիսի ղեկավարին կոչում են կոլաբորանտ, իսկ նրա ղեկավարած քաղաքական թիմին՝ կոլաբորացիոնիստական։ Այսինքն՝ թշնամու հետ համագործակցողներ։
Իսկ ինչո՞վ են զբաղված Փաշինյանն ու ՔՊ-ն, եթե ոչ թշնամու հետ համագործակցությամբ, այն էլ՝ այն ժամանակ, երբ ֆաշիստական Ադրբեջանը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ իրականացնում է լայնածավալ գրոհներ միջազգային քաղաքական և դիվանագիտական ասպարեզում, քարոզչական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև ուղղակիորեն կրակում է սահմաններին ու նախապատրաստվում հերթական ռազմական ներխուժման։
Ո՞վ պետք է պատասխանատվության կանչի Փաշինյանին ու ՔՊ-ին թշնամու հետ բացահայտորեն համագործակցելու համար։ Առաջին հերթին՝ պետության իրավապահ մարմիններն ու ուժային կառույցները։ Սակայն, երբ այդ կառույցները փաստացի ծառայում են ոչ թե պետական անվտանգությանը, այլ հենց կոլաբորացիոնիստական վարչակարգին, դա վկայում է պետական կառավարման լիակատար վիժեցման և օկուպացիոն վարչակազմի հաստատման մասին։
Այսօր մենք ականատես ենք պետական համակարգի այնպիսի այլասերման, ինչպիսին տեղի է ունեցել միայն պատմության ամենաողբերգական էջերին։ Օրինակ՝ Ֆրանսիայի Վիշիի վարչակարգի ժամանակ, երբ Մարշալ Պետենը և նրա շուրջը համախմբված կոլաբորացիոնիստները բացահայտ կերպով ծառայում էին օկուպացիոն գերմանական նացիստական ռեժիմին։ Եվ կամ Չինաստանում՝ Բռնցքամարտիկների ապստամբության տարիներին (1900-1901) տեղական չինացի պաշտոնյաներից ոմանք համագործակցում էին եվրոպական գաղութարարների և Ճապոնիայի զորքերի հետ՝ փոխանակ պաշտպանելու իրենց ժողովրդի շահերը։ Նրանք օգնեցին օտար զավթիչներին ճնշել ապստամբությունը, որին մասնակցում էին հարյուր հազարավոր չինացիներ՝ իրենց մշակութային և ազգային ինքնությունը պաշտպանելու նպատակով։
Հայաստանի համար նման պետական դավաճանությունը երբեք չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական պայքարի հարց։ Դա ազգային անվտանգության, ազգային գոյության և հազարամյակների պատմական ժառանգության վերացման փորձ է։
Եվ որքան էլ այսօրվա «իշխանավորները» փորձեն քողարկել իրենց հանցավոր դերը դատարկաբանություններով «խաղաղության դարաշրջանի» մասին, իրականությունն անողոք է. կոլաբորացիոնիզմը միշտ ավարտվում է ազգային նվաստացմամբ, նվաճումով կամ ջարդով, եթե ժամանակին չի կանխվում և համարժեքորեն չի պատժվում։
Պատմական դատաստանը հաճախ է վրա հասնում, ինչպես եղան Վիշիի դատավարությունները Ֆրանսիայում կամ ազգային դավաճանների հանդեպ վճիռները ֆաշիզմից ազատագրված եվրոպական երկրներում, ինչպես նաև Խորհրդային Միությունում։
Հայաստանն էլ բացառություն չէ։ Հայ ժողովուրդը պարտավոր է վերատիրանալ իր հավաքական ինքնապաշտպանության կառույցներին և վերականգնել իր ազգային և պետական արժանապատվությունը, որը միշտ եղել է մեր պատմության և գոյատևման գլխավոր երաշխիքը։
Արմեն Այվազյան